ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Եթե տնտեսական աճ չլինի, բյուջեն չի բավարարի

Եթե տնտեսական աճ չլինի, բյուջեն չի բավարարի
31.10.2014 | 12:34

Արդեն չորրորդ օրն է, ԱԺ-ում ընթանում են 2015-ի բյուջեի նախագծի շուրջ լսումները՝ ոլորտ առ ոլորտ, և կշարունակվեն հաջորդ շաբաթ։ Լսումների առաջին իսկ օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը կնքեց «սոցիալական» անունով։
Եվ այսպես, հաջորդ տարվա պետբյուջեի նախագծով եկամտային մասը 1 տրիլիոն 184,5 միլիարդ դրամ է, ինչը 4,3 %-ով ավելի է 2014-ի համեմատ։ Ծախսերը նախատեսված են 1 տրիլիոն 298,6 միլիարդ դրամ, դեֆիցիտը կազմում է 114,1 մլրդ դրամ, ինչը 3,6 միլիարդով ավելի է 2014-ի համեմատ։ Ֆինանսական գլխավոր փաստաթղթով կառավարությունը հարկաբյուջետային քաղաքականությունում շարունակում է պետական պարտքի կայունության ապահովումը։ Գյուղատնտեսության ոլորտում 2015-ին նախատեսվում է սուբսիդավորման աճ 50 %-ով։
Սրանք սոսկ թվեր չեն, այլ, ըստ էության, երկրի սոցիալական զարգացման արտացոլանքը։ Թե իրականում այս թվերն ինչ ազդեցություն կունենան սոցիալ-տնտեսական գործընթացներում, ժամանակը ցույց կտա։ Համենայն դեպս, եկամտային մասի ապահովումից է կախված բյուջեով նախատեսված ծրագրերի իրականացումը։ Եկամտային մասն էլ իր հերթին խիստ փոխկապակցված է երկրում ընթացող տնտեսական զարգացումների հետ։ Գաղտնիք չէ, որ վերջին 5-6 տարում Հայաստանի տնտեսությունն անկում է ապրել, և այս պայմաններում շատ կարևոր է աշխուժացնել տնտեսական գործընթացները, ոչ թե փորձել եկամտային մասն ապահովել հարկերի «տակից» ավելացմամբ, ինչը վերջին տարիներին օրինաչափություն է դարձել։
Եվ այսպես, 2015-ի պետբյուջեի նախագիծն անվանվեց սոցիալական, գուցե դա պայմանավորված էր նրանով, որ պետական հատվածում նախատեսվում է աշխատավարձերի բարձրացում։ Ինչ խոսք, սա կարևոր և երկար սպասված երևույթ է, հատկապես պետական հատվածի միջին օղակներում աշխատողների համար։ Սակայն, մյուս կողմից, շատ հետաքրքիր պատկեր է բացվում, երբ ուսումնասիրում ենք պետական ապարատի պահպանման և սպասարկման համար 2015-ի պետբյուջեի նախագծով նախատեսված ծախսերը։ Այն կազմում է բյուջետային ծախսերի շուրջ 7 %-ը։
Օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների բնականոն գործունեություն կազմակերպելու նպատակով հաջորդ տարի գործադիրը նախատեսում է ծախսել 90,1 մլրդ դրամ, ինչը 18 միլիարդով ավելի է այս տարվա համեմատ։ Հիշեցնենք, որ պետական ապարատի պահպանման համար այս տարի 10 մլրդ դրամի հավելյալ ծախսեր են պահանջվել։ Գործադիրը պետական ապարատի պահպանման այս տարվա ծախսերի կտրուկ ավելացումը բացատրում է հաստիքների և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ։
Ի դեպ, նկատենք, որ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության համակարգում զբաղվածներին աշխատավարձ վճարելու համար 2015-ին նախատեսվում է հատկացնել 63,3 մլրդ դրամ, ինչը 14,7 մլրդ-ով ավելի է այս տարվա ցուցանիշից։ Ենթադրել, որ աշխատողների աշխատավարձերի բարձրացումը զգալի կլինի, կասկածելի է, քանի որ այն տեղաբաշխվելու է 18186 աշխատողների միջև։
Փոխարենը 2015-ին ժողովուրդը ստիպված է լինելու իր գրպանից վճարել նաև պետական կառավարման համակարգում չինովնիկներին սպասարկող 989 ծառայողական ավտոմեքենաների պահպանման ծախսերը։ Ի դեպ, ծառայողական 989 ավտոմեքենաների մեջ հաշվարկված չեն հարկային, մաքսային և ԴԱՀԿ ծառայությանը պատկանող ավտոմեքենաները։ Այլ կերպ ասած, հարկատուներիս հաշվին պետական չինովնիկները ծառայողական մեքենաներով հանգիստ «կֆռֆռան»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1121

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ